Համայնքի մասին

ԲԵԼԳԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ

Բելգիահայ գաղութը կազմավորվել է XX դ. 20-ականների սկզբին: 1920թ. Բելգիայում հաստատվել է թուրքական ջարդերից փրկված ավելի քան 1000 հայ: 1922թ. նրանց նախաձեռնությամբ կազմակերպվել է բելգիահայ գաղութային վարչությունը, որը մինչ օրս գործում է: Համայնքը սկսել է ստվարանալ 1940-1950–ականներին, երբ հայերի թիվը հասել է շուրջ 2,5 հազարի: 1965թ. Մերձավոր եւ Միջին Արեւելքի երկրներից Բրյուսել սովորելու եկած հայ ուսանողները հիմնել են «Հայ ուսանողների ընկերությունը»: 1970-ականներին հայերի մեծ հոսք է եղել Սիրիայից, Լիբանանից, Թուրքիայից, Իրանից, 1990թ.–ից սկսած նաեւ` Հայաստանից:

Ներկայումս Բելգիայում մոտավոր տվյալներով բնակվում է շուրջ 20.000 հայ, որոնք հաստատվել են Բրյուսելում եւ Անտվերպենում, սակավ թվով` Գենտում, Լիեժում եւ Մեխլենում: Բելգիահայ իրավաբանների, ճարտարապետների եւ բժիշկների կողքին մեծ թիվ են կազմում առեւտրով, ադամանդագործությամբ զբաղվող հայերը: Ադամանդագործության ոլորտում բելգիահայ գործարարները էական դեր են խաղում հայ-բելգիական երկկողմ առեւտրա-տնտեսական հարաբերություններում: 1922 թվականից համայնքը ղեկավարվում է Բելգիայի կառավարության կողմից վավերացված ներքին կառավարման կանոնադրությամբ: Բելգիահայ համայնքի ներկայացուցչական մարմինը Բելգիայի Հայ գաղութային վարչությունն է:

Եկեղեցին

Հայաստանյաց առաքելական եկեղեցու Բելգիայի հոգեւոր հովվությունը կազմավորվել է 1991թ. (ենթակա է Արեւմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակությանը): Կենտրոնը Բրյուսելի Ս. Մարիամ Մագդաղենացի եկեղեցին է: Եկեղեցու հոգեւոր հովիվն է Հոգեշնորհ Տեր Զատիկ վարդապետ Ավետիքյանը` Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակի Բենելուքսի փոխանորդ:

Համայնքի հասարակական եւ մշակութային գործունեությունը

Բելգիահայ համայնքում տարբեր տարիներին ստեղծվել են բարեգործական, մշակութային, երիտասարդական կազմակերպություններ ու միություններ, որոնց գործունեության գլխավոր առանցքը հայապահպանությունն է:

1980 թվականից Բրյուսելի համայնքում նշանակալի դեր ունի տեղի հայերի գլխավոր հավաքատեղին` Հայ տունը, որտեղ կազմակերպվում են բարեգործական եւ մշակութային միջոցառումներ: Գործում է ՀԲԸՄ մասնաճյուղը, «Արբակ Մխիթարյան» հասարակական կենտրոնը, Անտվերպենում բելգիահայ տիկնանց միությունը, ինչպես նաեւ հասարակական եւ մշակութային բնույթի մի շարք այլ կազմակերպություններ. «Արդիա», «Արաքս», «Հայկ», «Պրոգրես», «Լեւոն Շանթ», «Դեմոկրատների միություն», «Բելգիայի հայ երիտասարդաց միություն», «Նուարդ» եւ այլն:

Բելգիահայ գաղութում ազգային կուսակցություններից առաջինը` ՀՅԴ տեղական կազմակերպությունը, ստեղծվել է 1997թ. հունիսին: Նրա հովանու տակ գործում են մշակութային եւ մարզական միություններ: 1998 թվականից իր աշխատանքն է սկսել Հայ դատի հանձնախումբը, որը համագործակցում է Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի հետ:

Ներկայումս Բելգիայում գործում է 16 հայկական կրթօջախ, որոնք կամ պատկանում են տարբեր ավանդական կուսակցությունների եւ մշակութային միությունների, կամ լիովին անկախ են:

Տարբեր տարիներին Բրյուսելում եւ Անտվերպենում լույս են տեսել «Լրագիր», «Հայ աշխարհ», «Գիտություն եւ գիտելիք» պարբերականները: 1978 թվականից հրատարակվում է «Հայ» լրատվական թերթիկը, հիմնականում` ֆրանսերեն լեզվով:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր