Հաճախ տրվող հարցեր

 Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

  • Բոլոր հյուպատոսական գործողությունների համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր և անձնագրի պատճեն:
  • Հյուպատոսական ծառայությունների դիմաց բոլոր գանձումները կատարվում են բանկային քարտի միջոցով:

1. Անձնագրավորում

- Մինչև 6 տարեկան երեխաների թղթային անձնագրավորում

2. Լիազորագրերի և այլ նոտարական փաստաթղթերի տրամադրում

3. Տեղեկանքներ

4. Մուտքի արտոնագիր

5. Վերադարձի վկայական

 1. Անձնագրավորում

Կենսաչափական (բիոմետրիկ) անձնագիր

Հարց. Ո՞ր տարիքից է տրամադրվում կենսաչափական անձնագիր:
Պատասխան. 6 տարին լրանալուն պես:

Հարց. Ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր կենսաչափական անձնագիր ձեռք բերելու համար:
Պատասխան. Անհրաժեշտ է ներկայացնել միայն հին (կամ կորած), անվավեր անձնագրի պատճենը` առկայության դեպքում:

Հարց. Քա՞նի տարով են տրամադրվում կենսաչափական անձնագրերը:
Պատասխան. 10 տարով:

Հարց. Կենսաչափական անձնագրերում կա՞ արդյոք օտարերկրյա վավերականության կնիք:
Պատասխան. Կենսաչափական անձնագրերում օտարերկրյա վավերականության կնիք չի դրվում:

Հարց. Հայաստանում գրանցման բացակայության դեպքում հնարավո՞ր է դիմել կենսաչափական անձնագրի համար:
Պատասխան. Այո, հնարավոր է: Քաղաքացին պետք է անձը հաստատող փաստաթղթով (ժամկետանց կամ անվավեր անձնագիր) ներկայանա դեսպանություն: Անձնագրավորում կատարելու նպատակով քաղաքացին գրանցվում է Բելգիայում իր բնակության հասցեով:

Հարց. Որքա՞ն ժամանակում է տրամադրվում կենսաչափական անձնագիրը:
Պատասխան. Կենսաչափական անձնագիրը տրամադրվում է դեսպանությունում դիմումը տալու օրվանից 20-31 օրվա ընթացքում:

Հարց. Անձնագրավորման համար դիմում տալուց հին անձնագրերը հանձնվու՞մ են դեսպանություն:
Պատասխան. Ոչ, չեն հանձնվում: Հին, ժամկետանց անձնագրերը` առկայության դեպքում, հանձնվում են միայն նորը ստանալիս:

Հարց. 6 տարին լրացած անչափահաս երեխայի կենսաչափական անձնագրի համար դիմելիս երեխայի ներկայությունը պարտադի՞ր է:
Պատասխան. Այո, պարտադիր է, քանի որ բոլոր գործողությունները (լուսանկարում, էլեկտրոնային ստորագրություն, մատնահետք) իրականացվում են տեղում` դեսպանությունում տեղադրված սարքի միջոցով:

Մինչև 6 տարեկան երեխաների թղթային անձնագրավորում

Հարց. Մինչև 6 տարեկան երեխաների անձնագրավորումը կատարելիս նրանց ներկայությունը պարտադի՞ր է:
Պատասխան. Ոչ, պարտադիր չէ: Պարտադիր է երեխայի ծնողների ներկայությունը, քանի որ նրանք պետք է ստորագրեն համաձայնագիր:

Հարց. Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ անձնագրավորման համար, եթե երեխան ծնվել է Բելգիայում:
Պատասխան. Եթե երեխան ծնվել է Բելգիայում, դեսպանություն անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
ա) Բելգիայի իրավասու մարմինների (քաղաքապետարան) կողմից տրամադրված միջազգային ծննդյան վկայական (ծննդյան վկայականը մինչ դեսպանություն ներկայացնելը պետք է լինի առաջին հերթին Բելգիայի արդարադատության նախարարության կողմից ապոստիլով հաստատված, որից հետո նաև հայերեն թարգմանված),
բ) Ծննդյան վկայականի պատճենը,
գ) 3 լուսանկար` 3x4 չափսի,
դ) Երեխայի ծնողների անձնագրերի պատճեները,
ե) Ծնողների ամուսնության վկայականը,
զ) Ծնողների ամուսնության վկայականի պատճենը:

Հարց. Որքա՞ն է տևում մինչև 6 տարեկան երեխաների անձնագրավորումը:
Պատասխան. Մինչև 6 տարեկան երեխաների անձնագրավորումը տևում է մինչև 2 ամիս:

2. Լիազորագրերի և այլ նոտարական փաստաթղթերի տրամադրում

Հարց. Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ` Բելգիայում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի միջոցով լիազորագիր գրելու համար:
Պատասխան. Լիազորագիրը կազմվում է միայն վավեր (ժամկետի մեջ) անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր) հիման վրա: Պարտադիր չէ, որ դա լինի ՀՀ քաղաքացու անձնագիր: Լիազորողը պետք է դեսպանություն ներկայանա անձամբ` վավեր անձնագրով:

3. Տեղեկանքներ

Հարց. Դեսպանության կողմից տրամադրված և հյուպատոսի ստորագրությամբ ու կնիքով տեղեկանքները կարո՞ղ են ներկայացվել Բելգիայի համապատասխան մարմիններ:
Պատասխան. Այո, կարող են, սակայն բելգիական մարմինները կարող են պահանջել տեղեկանքների լեգալացում, որն իրականացվում է Բելգիայի արտաքին գործերի նախարարության կողմից:

4. Մուտքի արտոնագիր

Հարց. Բելգիայի քաղաքացիների համար անհրաժե՞շտ է արդյոք Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա:
Պատասխան. Ոչ, Բելգիայի և, առհասարակ, ԵՄ քաղաքացիներն ազատվում են ՀՀ մուտքի արտոնագրի պահանջից և կարող են մուտք գործել ՀՀ առանց վիզայի:

5. Վերադարձի վկայական

Հարց. Ի՞նչ է վերադարձի վկայականը:
Պատասխան. Վերադարձի վկայականը Հայաստան վերադառնալու միակողմանի ճամփորդական փաստաթուղթ է, որը տրվում է մեկ ամիս ժամկետով:

Հարց. Ո՞ր դեպքերում է դեսպանության կողմից տրամադրվում ՀՀ վերադարձի վկայական:
Պատասխան. ա) Եթե քաղաքացին ունի ժամկետանց ՀՀ անձնագիր, և/կամ անձնագիրը պիտանի չէ օգտագործման համար. այս դեպքում պետք է ներկայանալ անձամբ` ժամկետանց անձնագրով և մեկ 3x4 չափսի գունավոր լուսանկարով:

բ) Եթե անձնագիրը կորել է. այս դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք տեղի ոստիկանությունից, կորած անձնագրի պատճենը` առկայության դեպքում: Այլապես վերադարձի վկայականը տրվում է ՀՀ ոստիկանություն հարցման միջոցով, որը տևում է մինչև 10 աշխատանքային օր:

Եթե անձնագիրը տրվել է մինչև 2008թ. և համակարգի մեջ առկա է վերադարձի վկայական ստացող քաղաքացու անձնագրի լուսանկարը, ապա վերադարձի վկայականը կարող է տրվել տեղում:

Հարց. Ի՞նչ է պետք անել վերադարձի վկայականով Հայաստան ժամանելուց հետո:
Պատասխան. Հայաստան ժամանելուն պես վերադարձի վկայականը ստացած քաղաքացին պետք է կատարի նոր անձնագրավորում:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր