• English
  • Հայերեն
Բելգիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Բելգիայի Թագավորություն
    • Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • «Հայաստանը Բրյուսելում» ամենամսյա տեղեկագիր

Սեպտեմբերի 30-ին Լյուքսեմբուրգում տեղի ունեցավ ընդունելություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին։

30 սեպտեմբերի, 2026

Միջոցառմանը ներկա էին Լյուքսեմբուրգի պետական կառույցների և խորհրդարանի ներկայացուցիչներ, Լյուքսեմբուրգում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ և դիվանագետներ, եվրոպական և միջազգային կառույցների, գործարար, ակադեմիական և հասարակական շրջանակների, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ինչպես նաև հայ համայնքի անդամներ։

Միջոցառումը մեկնարկեց Հայաստանի Հանրապետության և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության պետական օրհներգերով՝ «Helvetia» երգչախմբի կատարմամբ։

Ողջույնի խոսքով հանդես եկավ դեսպան Տիգրան Բալայանը։ Իր խոսքում դեսպանն անդրադարձավ Հայաստանի անկախության 35-ամյա ուղուն՝ ընդգծելով, որ անկախությունը ոչ միայն պատմական ձեռքբերում է, այլև շարունակական գործընթաց և սեփական ապագան ինքնուրույն կերտելու ամենօրյա ընտրություն։

Անդրադառնալով Հայաստան–Լյուքսեմբուրգ հարաբերություններին՝ դեսպանն առանձնահատուկ կարևորեց վերջին տարիներին արձանագրված շոշափելի առաջընթացը՝ Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի ստորագրումը, Լյուքսեմբուրգում Հայաստանի դեսպանության գրասենյակի բացումը, քաղաքական երկխոսության և խորհրդարանական կապերի ակտիվացումը, պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացումը, ինչպես նաև երկու երկրների համայնքների և քաղաքների միջև կապերի խորացումը։ Նա նաև կարևորեց Եվրոպական միության առաքելության կազմում Լյուքսեմբուրգի մասնակցությունը՝ որպես Հայաստանի տարածաշրջանում խաղաղության և կայունությանն ուղղված աջակցության գործնական դրսևորում։

Դեսպան Բալայանն առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատին՝ Հայաստանին ցուցաբերվող հետևողական աջակցության համար՝ հիշատակելով Հայաստանի համար կարևոր հարցերի վերաբերյալ Պատգամավորների պալատի ընդունած բանաձևերը և հայ-լյուքսեմբուրգյան խորհրդարանական կապերի առանձնահատուկ բնույթը։

Անդրադառնալով երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը՝ դեսպանը մատնանշեց առևտրի, ներդրումների, բարձր տեխնոլոգիաների, տիեզերական ոլորտի, արհեստական բանականության, զբոսաշրջության, կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում առկա զգալի ներուժը։

Դեսպան Բալայանն ընդգծեց նաև Հայաստանի և Լյուքսեմբուրգի՝ աշխարհագրությունը հնարավորության վերածելու ընդհանուր ձգտումը՝ նշելով, որ Հայաստանը նպատակ ունի իր տարածաշրջանը վերածել խաղաղության, հաղորդակցությունների և տնտեսական ու մարդկային փոխանակումների խաչմերուկի։

Դեսպան Բալայանը շնորհակալություն հայտնեց Լյուքսեմբուրգի իշխանություններին՝ Հայաստանին և հայ ժողովրդին ցուցաբերվող հետևողական աջակցության և երկու երկրների միջև գործընկերության զարգացմանն ուղղված հանձնառության համար։

Ելույթի ամբողջական տարբերակը՝ ստորև։

Խորհրդարանի անդամներ,

Ձերդ Գերազանցություններ, Հարգելի գործընկերներ և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ,

Եվրոպական և միջազգային կառույցների հարգելի ներկայացուցիչներ,

Հարգելի՛ գործարար համայնքի, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչներ, 

Սիրելի հայրենակիցներ,

Տիկնայք և պարոնայք,

Ինձ համար մեծ պատիվ է, ինչպես նաև առանձնահատուկ հուզմունք՝ այս երեկո ձեզ ողջունել Հայաստանի Հանրապետության ազգային տոնի առթիվ։

Ցանկանում եմ ջերմորեն շնորհակալություն հայտնել «Helvetia» երգչախմբին՝ Հայաստանի և Լյուքսեմբուրգի օրհներգերի անթերի և հուզիչ կատարման համար։

Սեպտեմբերի 21-ը խորապես հուզիչ օր է յուրաքանչյուր հայ քաղաքացու և սփյուռքի հայերի մեծամասնության համար՝ անկախ նրանց բնակության վայրից կամ քաղաքացիությունից։

Երեսունհինգ տարի առաջ հայ ժողովուրդը կատարեց պատմական ընտրություն՝ վերականգնել իր անկախությունը, լիովին ստանձնել սեփական ճակատագրի պատասխանատվությունը և կառուցել մի պետություն, որը կարող է գոյատևել, զարգանալ և որոշել իր սեփական ապագան։

Սակայն անկախությունն այն չէ, ինչ ձեռք է բերվում մեկ անգամ և հավերժ։ 

Սա պարզապես պատմության գրքում նշված ամսաթիվ չէ։

Անկախությունը շարունակական գործընթաց է, ամենօրյա ընտրություն, երբեմն՝ դժվարին ընտրություն։

Հետ նայելով այս երեսունհինգ տարիների ընթացքում անցած ուղուն՝ կնշեի, որ Հայաստանն ավելի անկախ է դարձել։

Ավելի անկախ իր կայացրած ընտրություններում։
Ավելի անկախ իր կառուցած գործընկերություններում։
Ավելի անկախ իր ապագան ձևավորելու հարցում։

Այս աճող անկախությունը նկատելիորեն արտացոլվել է մեր կողմից հետապնդվող 

դիվերսիֆիկացման մեջ քաղաքական, տնտեսական, անվտանգության, կապի և միջազգային գործընկերության ոլորտներում։

Եվ հենց այս դիտանկյունից կցանկանայի անդրադարձ կատարել Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև հարաբերություններին։

Վերջին տարիները նշանավորվել են նշանակալի և առարկայական առաջընթացով։

Առավել նշանակալից պահերից մեկը, իհարկե, Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև ռազմավարական գործընկերության հռչակագրի ստորագրումն էր։

Ըստ առկա տեղեկության՝ Հայաստանն առաջին երկիրն է, որի հետ Լյուքսեմբուրգը ստորագրել է ռազմավարական գործընկերության փաստաթուղթ։

Մեզ՝ հայերիս համար սա հատուկ կարևորություն ունեցող ազդակ է․ այն վկայում է ոչ միայն Հայաստանի հանդեպ Լյուքսեմբուրգի վստահության, այլև դեպի ապագա միասին նայելու՝ մեր երկու երկրների պատրաստակամության մասին։ 

Այս հռչակագիրը մեզ տալիս է առավել լայն շրջանակ քաղաքական երկխոսության, անվտանգության ոլորտում համագործակցության, տնտեսական հարաբերությունների, ինչպես նաև մշակույթի, կրթության, գիտության և երիտասարդության ոլորտներում փոխանակումների զարգացման համար։

Լյուքսեմբուրգում Հայաստանի դեսպանատան գրասենյակի բացումը մեկ այլ առանցքային հանգրվան էր։

Եվ ես կցանկանայի այստեղ հատուկ հարգանքի տուրք մատուցել իմ սիրելի գործընկեր Արփինեին, ով ղեկավարում և կենդանություն է տալիս այս գրասենյակի գործունեությունը։

Եվ այստեղ ցանկանում եմ առանձնահատուկ գնահատանքի խոսք ուղղել իմ սիրելի գործընկեր Արփինեին, ով ղեկավարում է այս գրասենյակը և կենսունակություն հաղորդում նրան։

Լյուքսեմբուրգում իմ պաշտոնավարման վերջին երեք տարիները մեծապես նշանավորվել են մեր դեսպանատան գրասենյակի գործունեությամբ։ Նրա էներգիայի, հասանելիության և անխոնջ նվիրվածության շնորհիվ մենք կարողացել ենք պահպանել շատ ավելի կանոնավոր և սերտ ներկայություն։

Լյուքսեմբուրգում իմ պաշտոնավարման վերջին երեք տարիներին մեր դեսպանության գրասենյակի գործունեությունը մեծ դեր է ունեցել։ Նրա եռանդի, մշտական պատրաստակամության և անխոնջ նվիրվածության շնորհիվ մենք կարողացել ենք ապահովել առավել կանոնավոր ներկայություն, ինչպես նաև ավելի սերտ կապեր։

 

Արփինե՛, այսօր ցանկանում եմ հրապարակայնորեն շնորհակալություն հայտնել քեզ՝ քո անխոնջ աշխատանքի և այն ամենի համար, ինչ արել ես այս գործընկերությունը կառուցելու և ամրապնդելու ուղղությամբ։

Վստահ եմ, որ Լյուքսեմբուրգում հայկական ներկայությունը կշարունակի կարևոր դեր խաղալ առաջիկա տարիներին։

Մենք առաջընթաց ենք արձանագրել նաև պաշտպանության ոլորտում համագործակցության ուղղությամբ, մասնավորապես՝ մեր պաշտպանության նախարարությունների միջև մտադրությունների նամակի ստորագրմամբ։ Առաջին արդյունքները շուտով տեսանելի կլինեն։ 

Մեր քաղաքական երկխոսությունը զգալիորեն ակտիվացել է՝ բարձր մակարդակի այցելությունների ավելացման և մեր իշխանությունների միջև կանոնավոր շփումների շնորհիվ։

Խորհրդարանական համագործակցությունը, ինչպես նաև մեր համայնքների միջև համագործակցությունը նույնպոս խորացել է։

Եվ Լյուքսեմբուրգի մասնակցությունը Հայաստանում Եվրոպական Միության առաքելությանը մեր տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության նկատմամբ Լյուքսեմբուրգի հանձնառության հստակ արտահայտությունն է։

Ունենք նաև ամուր իրավական հիմք մեր տնտեսական հարաբերությունները զարգացնելու համար, ներառյալ՝ ներդրումների պաշտպանությանը, կրկնակի հարկումից խուսափելուն և օդային հաղորդակցությանն ուղղված համաձայնագրեր, ինչպես նաև մշակույթի, կրթության, երիտասարդության և գիտության ոլորտներում համագործակցության համաձայնագրեր ու գործիքակազմ։

Եվ այնուամենայնիվ, դեռ շատ բան կա անելու, մասնավորապես՝ առևտրի, բարձր տեխնոլոգիաների, տիեզերքի, արհեստական բանականության, ներդրումների, զբոսաշրջության և մեր ժողովուրդների միջև շփումների ոլորտներում ։

Պատգամավորների պալատի հարգելի անդամներ,

Ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունն ու գնահատանքը հայտնել Պատգամավորների պալատի անդամներին, ինչպես նաև նրա նախագահ պարոն Կլոդ Վիզելերին՝ Հայաստանին ցուցաբերած անսասան և անվերապահ աջակցության համար։ Այս աջակցությունը, մասնավորապես՝ դրսևորվել է միաձայն ընդունված բազմաթիվ բանաձևերով։

Դժվար է մտածել Հայաստանի համար կարևոր հարցի մասին, որը որևէ պահի չի բարձրացվել, քննարկվել կամ պաշտպանվել այս պալատում: Լյուքսեմբուրգի խորհրդարանը եղել և մնում է Հայաստանի հնչեղ և հետևողական ձայնը:

Այս համատեքստում կցանկանայի անդրադառնալ այն հանգամանքին, որն իմ կարծիքով հատուկ նշանակություն ունի․ վերջին տասնամյակի ընթացքում պարոն Վայզլերը օտարերկրյա խորհրդարանի միակ խոսնակն է, ով հրավիրվել է ելույթ ունենալու ՀՀ Ազգային ժողովի լիագումար նիստում։

Չեմ կարծում, թե դա պարզապես արարողակարգային ժեստ էր։
Դրանում ավելի շուտ տեսնում եմ Հայաստանի՝ Լյուքսեմբուրգի և նրա ժողովրդի հանդեպ տածած բարեկամության ու հարգանքի զգացումների առանձնապես վառ դրսևորում, ինչպես նաև այն առանձնահատուկ դերի արտահայտությունը, որը Լյուքսեմբուրգը զբաղեցնում է հայերի սրտերում։

Պարոն նախագահ, թույլ տվեք խորին շնորհակալություն հայտնել Ձեզ, ինչպես նաև Պատգամավորների պալատի բոլոր անդամներին։

Սիրելի՛ բարեկամներ,

 

Նշեմ, որ հաստատություններից, համաձայնագրերից ու թվերից զատ՝ այս տարիների ընթացքում Լյուքսեմբուրգի հանդեպ իմ մեջ ձևավորվել է առանձնահատուկ անձնական կապվածություն։

Ինչո՞ւ։

Քանի որ ես Լյուքսեմբուրգը համարում եմ Հայաստանի իրապես «համախոհ» երկիր։

Երկիր, որտեղ քեզ լսում են։

Որտեղ փորձում են հասկանալ։ 

Եվ, երբ հնարավոր է, իսկապես ձգտում են օգնել ձեզ։ 

Դիվանագետի համար սա չափազանց կարևոր է։

Եվ կարծում եմ՝ Լյուքսեմբուրգի ու Հայաստանի միջև ավելի շատ նմանություններ կան, քան կարող է թվալ առաջին հայացքից։ 

Մենք երկու փոքր երկրներ ենք, որոնց պատմությունը հաճախ ստիպել է դրսևորել տոկունություն, հնարամտություն և հարմարվելու կարողություն։ 

Երկուսս էլ գիտենք, որ երկիրը չի կարող ընտրել իր աշխարհագրությունը, բայց կարող է ընտրել, թե ինչպես օգտագործել այն։ 

Եվ գուցե հենց այստեղ է մեր երկու երկրների միջև ամենահետաքրքիր նմանություններից մեկը․ տասնամյակների ընթացքում Լյուքսեմբուրգն իր աշխարհագրական դիրքը վերածել է հնարավորության։ 

Եվրոպայի սրտում վերջինիս դիրքը դարձել է առավելություն՝ այն վերածելով համագործակցության, երկխոսության, ինտեգրման և հանդիպումների վայր։ 

Այսօր Հայաստանը նույնպես ձգտում է իր աշխարհագրական դիրքը վերածել հնարավորության։ Մեր նպատակն է նպաստել, որ մեր տարածաշրջանը դառնա ոչ թե տարբեր տարածքները բաժանող սահման, այլ խաչմերուկ, խաղաղության խաչմերուկ, կապակցվածության խաչմերուկ։ 

Մի տարածք, որտեղ կարող են զարգանալ տնտեսական, մարդկային և մշակութային շփումները։ 

Այլ կերպ ասած՝ այն, ինչ Լյուքսեմբուրգին հաջողվել է անել իր աշխարհագրական դիրքի շնորհիվ, որոշ առումներով ոգեշնչում է Հայաստանին այսօր իր աշխարհագրական դիրքը վերածելու ուժի աղբյուրի, իսկ խաչմերուկը՝ համագործակցության տարածքի։

Հենց այս համատեքստում էլ նաև Լյուքսեմբուրգը հանդիսանում է մեզ համար բնական գործընկեր։ 

Տիկնայք և պարոնայք, սիրելի՛ ընկերներ,

Այս ընդունելությունն ինձ համար շատ յուրահատուկ նշանակություն ունի։

Սա Հայաստանի Հանրապետության ազգային տոնի վերջին ընդունելությունն է, որին մասնակցում եմ որպես Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում Հայաստանի Հանրապետության դեսպան։ 

Բենիլյուքսում անցկացրած ութ հետաքրքիր տարիներից հետո նախ Հաագայում, ապա Բրյուսելում, այս տարեվերջին կվերադառնամ Երևան։ 

Հետադարձ հայացք գցելով այս ութ տարիներին՝ չեմ կարող դրանք ամփոփել պարզապես ձեռքբերումների ցանկով։ 

Եղել են հաջողություններ։
Եղել են նաև հիասթափություններ։
Եղել են մեծ գոհունակության և հուսախաբության պահեր։
Սակայն յուրաքանչյուր օր մեծ ջանքեր է պահանջել և միաժամանակ անչափ հարուստ փորձ տվել։

Դիվանագիտությունն իր էությամբ կոչումների, շենքերի կամ արարողակարգի մասին չէ։

Այն մարդկանց մասին է։
Վստահության մասին է։
Բարեկամության մասին է։

Մեր՝ ընդհանուր եզրեր գտնելու կարողության մասին է, նույնիսկ երբ հանգամանքները բարդ են։

Եվ ամենից առաջ այն հիմնված է այն համոզմունքի վրա, որ երկխոսությունը, համբերությունն ու մարդկային հարաբերությունները կարող են իսկապես փոխել իրավիճակը։

Այս տարիների ընթացքում պատիվ եմ ունեցել հանդիպելու ձեզնից շատերին։
Ոմանք դարձել են գործընկերներ, իսկ շատերը՝ ընկերներ։

Եվ սա, հավանաբար, դիվանագիտության ամենագեղեցիկ կողմերից մեկն է՝ սկսել պաշտոնական հարաբերություններից և ժամանակի ընթացքում ձևավորել մարդկային կապեր։

Ուստի այս երեկո ցանկանում եմ ձեզ ասել՝ շնորհակալություն։

Շնորհակալություն Լյուքսեմբուրգի իշխանությունների և հաստատությունների, մասնավորապես՝ Արտաքին գործերի և Եվրոպական գործերի նախարարության, ինչպես նաև Լյուքսեմբուրգում տեղակայված եվրոպական հաստատությունների իմ գործընկերներին և ընկերներին, որոնց հետ ես պատիվ եմ ունեցել աշխատել այս տարիների ընթացքում։

Շնորհակալություն դիվանագիտական կորպուսի իմ գործընկերներին։
Շնորհակալություն քաղաքական, խորհրդարանական, ակադեմիական, տնտեսական և մշակութային շրջանակների ներկայացուցիչներին։

Եվ ամենից առաջ շնորհակալություն իմ բոլոր լյուքսեմբուրգցի ու հայ բարեկամներին, որոնք օգնել են մարդկային ջերմություն հաղորդել մեր հարաբերություններին։
Հեռանալով Բենիլյուքսից՝ չեմ համարում, թե հրաժեշտ եմ տալիս այդ կապերին։

Ես դրանք ինձ հետ եմ տանում։

Վերադառնում եմ Երևան, բայց Լյուքսեմբուրգն ինձ համար կմնա շատ ավելին, քան դիվանագիտական ծառայության վայր։ 

Այն կմնա մի երկիր, որին խորապես կապված եմ։ 

Մի երկիր, որի արժեքները, հասարակությունն ու մարդիկ ժամանակի ընթացքում ինձ համար թանկ են դարձել։

Եվ, հուսով եմ, մի երկիր, ուր շատ հաճախ կվերադառնամ՝ այս անգամ գուցե արդեն առանց դիվանագիտական բարձր պաշտոնի, առանց արարողակարգի և առանց նախապես պատրաստված ելույթի։ 

Ես անկեղծորեն հույս ունեմ, որ Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ նույն վստահությամբ, նպատակասլացությամբ և բարեկամության ոգով։

Մենք միասին կառուցել ենք շատ բաներ։

Մենք դեռ շատ բան ունենք կառուցելու։

Վերջում, թույլ տվեք բաժակաճառ ասել։

Հանուն Հայաստանի և Լյուքսեմբուրգի բարեկամության։

Հանուն մեր ժողովուրդների խաղաղության, բարգավաճման և ազատության։

Հանուն մեր ընդհանուր արժեքների և մեր եվրոպական ապագայի։

Եվ, իհարկե, հանուն Հայաստանի Հանրապետության, նրա անկախության և ժողովրդի։ 

Կեցցե՛ Հայաստանը։ Կեցցե՛ Լյուքսեմբուրգը։ Կեցցե՛ հայ-լյուքսեմբուրգյան բարեկամությունը։ 

Կեցցե՛ ազատ և անկախ Հայաստանի Հանրապետությունը։

Շնորհակալություն։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

Բելգիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: